Սպիտակ ծով
Սպիտակ ծով (ռուս.՝ Белое море, մինչև XVII դարն ունեցել է տարբեր անվանումներ՝ Ստուդյոննոե, Սոլովեցկոե, Հյուսիսյան, Հանգիստ, Սպիտակ ծոց[1]), ներքին ծով Ռուսաստանի եվրոպական մասում, մտնում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մեջ։
Սկանդինավյան դիցաբանության մեջ ծովը նշվում է «Գանդվիկ» անվանումով և «Օձերի ծոց» (Bäy of Serpents) անվանումներով, կապված նրա ափերի կորության հետ[2]։
Ֆիզիկական և աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Կոլայի և Կանին թերակղզիների միջև։ Գոռլո նեղուցով, որի հյուսիսային մասը կոչվում է Վորոնկա, միացած է Բարենցի ծովի հետ։ Սպիտակ ծովի և Բարենցի ծովի միջև սահմանն անցնում է Քարե քիթ և Սուրբ քիթ հրվանդանները միացնող գծով։ Մակերեսը մոտ 90 հզ․ կմ² է, միջին խորությունը՝ 60 մ, առավելագույնը՝ 330 մ։ Խոշոր են Կանդալակշայի, Օնեգայի, Դվինայի, Մեզենի ծոցերը (խորշերը), Սոլովեցկի, Մորժովեց, Մուդյուգի կղզիները։ Սպիտակ ծով են թափվում Հյուսիսային Դվինա, Մեզեն, Օնեգա և այլ գետերը։ Շելֆային ծով է, հատակը խիստ կտրտված։
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման անցումային է, բևեռային– ծովայինից բարեխառն ցամաքայինը: Ձմռանը գերիշխում են հարավ–արևմտյան, ամռանը՝ հյուսիս–արևելյան քամիները։ Ամպամածությունը մեծ է։ Հաճախակի են մառախուղները։ Ամռանը ջրի ջերմաստիճանը 6,9–15°C է, ձմռանը՝ –1,3°C–ից մինչև – 1,7°C։ Աղիությունը կենտրոնական մասում 24–26‰ է, հյուսիսում՝ մինչև 34,5‰։ Սառցակալում է հոկտեմբերից մայիս։ Ունի մի քանի օղակաձև հոսանքներ (կենտրոնական մասում և ծոցերում)։ Մակընթացությունը 1 մ-ից (հարավում) մինչև 10 մ է (հյուսիս–արևելքում)։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրգանական աշխարհը հարուստ է։ Կան ջրիմուռներ, հատակային կենդանիների՝ 720, ձկների՝ 60, ծովային կաթնասունների 5 տեսակներ։
Տրանսպորտային նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ ծովն ունի տրանսպորտային մեծ նշանակություն։ Այն կապում է Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիսայինի տնտեսական շրջանները ասիական մասի և արտասահմանյան պետությունների նավահանգիստների հետ։ Խոշոր նավահանգիստներն են Արխանգելսկը, Բելոմորսկը, Օնեգան, Մեզենը, Կանդալակշան ևն։ Սպիտակ ծովը Բելոմոր–Բալթյան ջրանցքով կապված է Բալթիկ ծովի հետ, Վոլգա–Բալթյան ջրանցքով՝ Ազովի, Սև և Կասպից ծովերի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «kolaenc.gov-murman.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Northern Scandinavia during the Middle Ages», part of «In honorem Evert Baudou» (1985), Sven Lundkvist
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջազգային ջրագրական կազմակերպության 1953 թ. S-23 հրատարակություն «Limits of Oceans and Seas» Արխիվացված 2009-10-07 Wayback Machine
- Белое море Ա. Դ. Դոբրովոլսկու և Բ. Ս. Զալոգինի «Моря СССР». գրքում, Մոսկվա 1982
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ ծով» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 74)։ |


