Պապ թագավոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պապ թագավոր (այլ կիրառումներ)
| Պապ Արշակունի | |
| Մասնագիտություն՝ | միապետ |
|---|---|
| Ազգություն | հայ |
| Ծննդյան օր | 353 |
| Վախճանի օր | 374 |
| Դինաստիա | Արշակունիներ |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Արշակ Բ |
| Մայր | Փառանձեմ Սյունի |
| Ամուսին | Զարմանդուխտ |
| Զավակներ | Վաղարշակ և Արշակ Գ |
Պապ (353 - 374), Մեծ Հայքի արքա (370-374 թվականներ)։ Նրա գահակալության տարիներին, քաղաքական երկարատև խռովություններից հետո, սկսվել է կայունացման կարճատև, բայց ուշագրավ շրջան։ Նրա կառավարման սկզբում Հայաստանը և Հռոմը համատեղ հաղթանակ տարան պարսիկների նկատմամբ Ձիրավի ճակատամարտում, իսկ թագավորության որոշ նախկին տարածքներ վերանվաճվեցին սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ջանքերով։
Չնայած Պապի գահակալությունը սկսվել է միապետության, նախարարների և եկեղեցու հաշտեցմամբ, նրա հարաբերությունները եկեղեցու հետ շուտով վատթարացան։ Ըստ որոշ աղբյուրների՝ Պապը թունավորել է տվել Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ա-ին, թեև որոշ ուշ շրջանի պատմաբաններ կասկածի տակ են դնում այս վարկածը[1]։ Պապը հայտնվել է նաև հռոմեացիների թիրախում, որոնք կասկածում էին նրան պարսիկների հետ գաղտնի համագործակցության մեջ։ Կայսր Վաղեսը 373/374 թվականներին անհաջող փորձ է արել մահափորձ կազմակերպել նրա դեմ, բայց վերջնականապես հաջողեց սպանել նրան 374/375 թվականին։ Գահին նրան հաջորդել է զարմիկը՝ Վարազդատ թագավորը։
Հինգերորդ դարի հայ պատմիչները Պապին թշնամաբար են ներկայացնում, հավանաբար թագավորի և Հայ եկեղեցու միջև եղած խնդրահարույց հարաբերությունների պատճառով։ Հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելլինոսը, սակայն, գովաբանել է Պապին իր քաջության և հմտության համար։ Հետագայում որոշ հայ պատմաբաններ վերագնահատել են Պապին դրականորեն՝ գնահատելով նրա փորձերը՝ ամրապնդելու հայկական միապետությունը և դժվարին պայմաններում անկախ արտաքին քաղաքականություն վարելու համար[2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պապը եղել է Արշակունյաց Հայաստանի թագավոր Արշակ Բ-ի (գահակալել է 350-368 թվականներին) և նրա կնոջ՝ Փառանձեմի որդին[3]։ Պապի ծննդյան ճշգրիտ տարեթիվը հստակ հայտնի չէ և վիճարկվել է պատմաբանների կողմից. մեկ աղբյուր այն նշում է մոտավորապես 353 թվականը[2][3]։ Հայ պատմաբան Հակոբ Մանանդյանը հնարավոր է համարել, որ Պապն իրականում Փառանձեմի որդին էր նրա առաջին ամուսնուց՝ Գնելից (Արշակի եղբորորդին)[3]։ Պատմաբան Ալբերտ Ստեփանյանը պնդում է, որ Պապն իրականում Արշակի որդին էր, բայց սկզբնապես իրավաբանորեն համարվել է Գնելի որդի, քանի որ Արշակն ամուսնացել էր Փառանձեմի հետ իրանական ոճի «տեղապահության» (լևիրատ) սկզբունքով, որը կոչվել է stūr ī būtak կամ čakarīh, որի համաձայն՝ անզավակ այրին ամուսնանում էր իր մահացած ամուսնու ագնատ ազգականներից մեկի հետ՝ իր մահացած ամուսնուն ժառանգ ապահովելու համար[4]։ Բացի այդ, Արշակը Փառանձեմի հետ ամուսնացել է դեռևս իր առաջին կնոջ՝ Ողիմպիայի հետ ամուսնացած լինելու ժամանակ, չնայած Աշտիշատի եկեղեցական ժողովում բազմակնության վերջերս կատարված արգելքին[4]։ Այս պատճառներով Արշակը լուրջ խոչընդոտների է հանդիպել Պապին որպես իր օրինական որդի և ժառանգորդ ճանաչելու հարցում[4]։ Ըստ Ստեփանյանի՝ միայն Օղիմպիա թագուհու մահից հետո (որը, ըստ լուրերի, թունավորվել էր Փառանձեմի հրամանով), Փառանձեմը դարձավ լիիրավ թագուհի-կոնսորտ, իսկ նրա որդի Պապը ճանաչվեց Հայաստանի գահաժառանգ[4]։ Մյուս կողմից, պատմաբան Նինա Գարսոյանը պնդում է, որ Պապը պետք է որ Արշակի օրինական որդին և ժառանգորդը լիներ, քանի որ նույնիսկ նրա նկատմամբ չափազանց թշնամաբար տրամադրված աղբյուրները երբեք կասկածի տակ չեն դնում նրա օրինականությունը[5]։ Նա առաջարկում է մեկ այլ վարկած, ըստ որի՝ Պապը ծնվել է Փառանձեմից և Արշակից մոտ 350 թվականին, որից հետո Փառանձեմը ժամանակավոր ամուսնությամբ փոխանցվել է Գնելին, իսկ ավելի ուշ Արշակը նրան վերադարձրել է, այդպիսով բացատրելով, թե ինչպես կարող էր Պապը ծնվել Գնելի մահից առաջ՝ մոտ 359 թվականին[6]։
Պապը, ըստ երևույթին, ունեցել է նաև եղբայր կամ համահայր եղբայր, որի որդին՝ Վարազդատը, հաջորդել է Պապին որպես թագավոր[7]։ Այս եղբոր անունը չի հիշատակվում Փավստոս Բուզանդի կամ Մովսես Խորենացու պատմություններում (Պապի կյանքի մասին երկու հիմնական հայկական աղբյուրները), սակայն մեկ այլ հայկական աշխատություն՝ Սուրբ Ներսեսի անանուն «Վարքը», հայտնում է, որ Պապն ունեցել է կրտսեր եղբայր՝ Տրդատ անունով[8]։
Պապի անունն ունի միջին իրանական ծագում և բառացի նշանակում է «հայր»[9][10]։ Ամմիանուս Մարկելլինոսի պատմության ձեռագրերում նրա անունը նշվում է որպես Para , որը պատմաբանները կարդում են որպես Papa [9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պապը Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տանել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։
Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիության մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 100 հազարի[11]։
Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին[12]։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ Տերենտիոսին հաջորդած Տրայանոսին հաջողվում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն սպանում է։
Արտագերսի պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշակ Բ արքայի և սպարապետ Վասակ Մամիկոնյանի ձերբակալությունից հետո Մեծ Հայքում սկսվեց թշվառ իրավիճակ։ Չնայած իր մեծ տարիքին՝ Շապուհ Բ Երկարակյացը շարունակում էր իր ծավալապաշտական քաղաքականությունը[13]։ Նա փորձում էր Մեծ Հայքը և Վիրքը հանել Հռոմեական կայսրության ազդեցության գոտուց։ Այդ պատճառով նա 368 թվականի ձմռանը զորք է ուղարկում Մեծ Հայք, որոնք, ըստ Ամմիանոս Մարկելինոսի, ղեկավարվում էին երկու հայ դավաճաններ։
Հայոց զորքը Փառանձեմ թագուհու և Պապ թագավորի հետ միասին ամրանում է անառիկ Արտագերս ամրոցում, որը Արշակունիները խլել էին Կամսարականներից։ Բերդը անհնար էր վերցնել գրոհով , այդ պատճառով պարսիկները բերդը պաշարում են։ Ըստ Լեոյի՝ հայոց զորքի թիվը հասնում էր շուրջ 11 հազարի։
Թագուհին որոշում է, որ Պապը ու Մուշեղ Մամիկոնյանը պետք է դուրս գան ամրոցից և ճեղքելով պարսկական պաշարումը՝ անցնեն Հռոմեական կայսրություն, ներկայանան Վաղես կայսրին և նրանից օգնություն խնդրեն։ Պապը կատարում է նրա պատվերը։ Տարբեր մարդկանց միջոցով նա հաճախ լուր է ուղարկում թագուհուն, որ շուտով կգա հռոմեական կայազորի հետ օգնությամբ, սակայն Վաղես կայսրը մտորումների մեջ էր և չէր կարողանում որոշում ընդունել։
Շուտով բանակցություններ են սկսվում պաշարվածների և պարսիկների միջև։ Հայր Մարդպետը մտնում է բերդ և պահանջում դադարեցնել պաշտպանությունը, քանի որ այն անիմաստ է, սակայն Փառանձեմը անդրդվելի էր[14]։
Իմանալով այս ամենի մասին՝ Վաղես կայսրը օգնական զորք է ուղարկում Մեծ Հայք։ Երբ պարսից Շապուհ արքան իմանում է այս մասին, ինչպես Ամմիանոսն է նշել, ընկնում է «գազանային կատաղության մեջ»[15]։ Նա հսկայական զորք է հավաքում և անձամբ արշավում դեպի Մեծ Հայք։ Շապուհը միանգամից գնում է Արտագերսի վրա պաշարում այն և գրավում։ Գերի է ընկնում նաև Փառանձեմ թագուհին, ամբողջ արշակունյաց գանձերի հետ միասին, սակայն Շապուհին դա չի բավարարում։ Նա ավերում է Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Զարիշատը և Զարեհավանը։
Փառանձեմը գերեվարվում է և տարվում է Պարսկաստան[16]․
Գահակալական շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոտավորապես 367/368 թվականներին Պապի հայրը՝ Արշակ Բ-ն, մեկնել է Պարսկաստան՝ Սասանյան արքա Շապուհ Բ-ի հետ խաղաղության շուրջ բանակցելու, սակայն ձերբակալվել է, ինչի հետևանքով հայոց գահը մնացել է թափուր[17]։ Թագուհի Փառանձեմն ու իշխան Պապը թագավորական գանձարանի հետ ապաստանել են Արտագերս ամրոցում, որը պաշտպանել են ազատների (հայ մանր ազնվականներ) մի ջոկատ[18]։ Փավստոսը գրում է, որ այդ ժամանակ Պապն արդեն պատանդ է եղել Հռոմեական կայսրությունում Արտագերսի պաշարման ժամանակ։ Ըստ Ամիանոս Մարկելինոսի՝ պարսկական ներխուժող ուժերը ղեկավարել են երկու հայ դավաճաններ՝ Գլակ-ը (Կիլակ) և Արտավանը (կամ Վահանը)[18]։ Փավստոս Բյուզանդը նույնպես հիշատակում է երկու հայ նախարարների ՝ Մերուժան Արծրունիին և Վահան Մամիկոնյանին (հնարավոր է՝ նույնական է Ամիանոսի նշած Արտավանին), որոնք պաշտոններ էին զբաղեցնում Շապուհ Բ-ի գերիշխանության ներքո, ինչպես նաև Զիկին և Կարենին, որոնք կրում էին պարսկական ազնվական տիտղոսներ[18]։ Հավանական է, որ Շապուհ Բ-ն մտադիր է եղել համատեղել Սասանյան վարչական կառավարումը (Զիկ և Կարեն) նախարարական կառավարման հետ (Արծրունի և Մամիկոնյան)[19]։
Պաշարման ընթացքում Արշակ Բ-ի կինը՝ Փառանձեմը, ամուսնու անունից դիմել է Գլակին և Արտավանին։ Այդ երկու այրերը վերադարձել են Արշակունիների կողմը և կազմակերպել են Պապի փախուստը։ Թեմիստիոսը հաղորդում է Պապի ժամանման մասին Վաղես կայսեր արքունիք՝ Մարկիանոպոլիս, որտեղ կայսրը ձմեռում էր։ Ըստ Փավստոսի՝ հռոմեական տարածքում գտնվելիս Պապը կապի մեջ է եղել մոր հետ և քաջալերել է նրան նրան սպասել իր վերադարձին[19]։ Վաղեսը նրան ուղարկել է ապրելու Նեոկեսարիա՝ Պոնտոս Պոլեմոնյանում, հայկական սահմանից 300 կմ հեռավորության վրա, որտեղ Պապը «առատ աջակցություն և կրթություն» ստացավ[19][20]։ 369 թվականին, սպարապետ Մուշեղ Ա Մամիկոնյանի (ըստ Փավստոսի) կամ Գլակի և Արտավանի (ըստ Ամիանոսի) խնդրանքով, Վաղեսը թույլատրել է Պապին վերադառնալ հայկական տարածք[21]։ Նրան ուղեկցել է կոմս և դուքս Տերենտիոսը, սակայն հռոմեացիները նրան դեռևս չէին ճանաչել որպես Հայաստանի թագավոր[20]։
Պապ թագավորը սկսում է իր գահակալությունը շատ դժվարին ժամանակաշրջանում։ Իր հոր նման նա փորձում էր արշակունյաց խարխուլ գահը նորոգել երկու կարևորագույն սյուների օգնությամբ՝ սպարապետություն և կաթողիկոսություն։ Սպարապետ է դառնում Վասակ Մամիկոնյանի որդին՝ Մուշեղ Մամիկոնյանը։ Պապ թագավորը, դիմելով Ներսես Մեծին, կարողանում է վերացնել Արշակունյաց և Լուսավորչական տոհմերի միջև գտնվող ատելությունը և Ներսես Մեծը նորից սկսում է երևալ արքունիքում։ Մյուս կարևոր ձեռքբերումը, որը պետք է կատարեր Պապ թագավորը՝ ռազմական ուժը մեծացնելն էր։ Իր գահակալման սկզբում հայոց զորքի թիվը հասնում էր ընդամենը 10֊11 հազարի։ Այդպիսի ուժերով անհնար էր դիմագրավել պարսից հսկայական ռազմական ուժին, այդ պատճառով Վաղես կայսրը ուղարկում է մի հռոմեական կայազոր, որը ապահովում էր հայոց խաղաղությունը որպեսզի պարսիկները նորից չավիրեն Մեծ Հայքը։
Այս պատճառով Շապուհը դիմում է խորամանկ քայլի և փորձում է դիվանագիտական ուղիներով հպատակեցնել Պապին[22], սակայն Պապը հասկանում է, որ Շապուհի հետ դաշինքը Մեծ Հայքի շահերից չի բխում և մերժում է Շապուհի առաջարկը։ Ի պատասխան պարսից շահին Պապը սպանել է տալիս երկու հայ դավաճաններ Գլակին և Արտավանին,ովքեր առաջնորդել էին պարսկական բանակը դեպի Հայոց երկիրը և ուղարկում է Շահուպին։
Շուտով Շապուհը ցանկանում է արշավել Մեծ Հայք, սակայն հայ-պարսկական սահմանում հերթապահում էր Արինթեոսի հռոմեական կայազորը։ Շապուհը պատվիրակություն է ուղարկում Վաղեսի մոտ և խնդրում հավատարիմ մնալ 363 թվականին կնքված հռոմեա-պարսկական պայմանագրին,որը Ամմիանոսը անվանել էր «ամոթալի պայմանագիր», սակայն Վաղեսը մերժում է նրան և նույնիսկ զգուշացնում, որ արշավելու է Վիրք և դուրս քշի Վիրքի պարսից դրածո թագավորին։ Շապուհը կատաղում է այս պատասախանից և 371 թվականին սկսում է արշավանքը ընդդեմ հայ-հռոմեականան ուժերի[23]։
Ձիրավի ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իմանալով պարսից ներխուժման մասին՝ Վաղես կայսրը Մեծ Հայք է ուղարկում Տրայանոս կոմսին։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում, որը գտնվում էր Նպատ լեռան հյուսիսային ստորոտին, Արածանիի գետահովտում։ Պարսիկներին օժանդակում էին աղվանները և լեզգիները Ուռնայրի և Շերգիրի գլխավորությամբ։ Պարսիկներին օգնում էր նաև Մերուժան Արծրունին, որը հավակնում էր հայոց գահին[23]։
Ճակատամարտի ժամանակ Սպանդարատ Կամսարականի գլխավորած զորաթևը, գրոհելով հակառակորդի կենտրոնի վրա, ջախջախում և փախուստի է մատնում նրան։ Լեզգիների արքա Շերգիր թագավորը մարտում զոհվում է, իսկ աղվանների արքա Ուռնայրը՝ վիրավորվում։ Սմբատ Բագրատունին հետապնդում է ճակատամարտից ճողոպրած Մերուժան Արծրունուն բռնում Կոգովիտ գավառում և մահապատժի ենթարկում նրան։ Նա Մերուժանին հիշեցնում է, որ թագադիր ասպետությունը Բագրատունիների ժառանգական արտոնությունն է և շիկացրած երկաթը որպես թագ դնելով Մերուժանի գլխին՝ սպանում է նրան։ Ի վերջո պարսիկները փախուստի են դիմում։ Հայոց զորքերը հակառակորդին հալածում են մինչև Ատրպատականի սահման։ Հաղթությունը հայոց կողմն էր[23]։
Ձիրավի ճակատամարտից հետո Շապուհ Բ Երկարակյացը ստիպված է լինում հաշտության պայմանագիր կնքել Վաղես կայսեր հետ, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը և Պապի գահը[23]։
Բարեփոխումների շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պապի գահակալման շրջանում, երբ Ներսես Մեծը նորից սկսում է արքունիք անցուդարձ անել, կաթողիկոսը սկսում է վերականգնել այն հասարակական կառույցները, որոնք գոյություն ունեին մինչև պարսիկների կատարած ավերածությունները։ Այդպիսի կառույցներ էին բորոտների խնամքի վայրերը, աղքատանոցները, միաբանությունները, կուսանոցները։
Արտաքին գործերը ավարտելուց հետո՝ Պապ թագավորը սկսեց անդրադառնալ ներքին խնդիրներին։ Նա հասկանում էր, որ 70 տարվա ընթացքում ժողովրդի մեջ դեռևս չէր արմատավորվել բուն քրիստոնեությունը, այլ ուղղակի արտաքնապես այն ընդունվել էր։ Ուրեմն այդ կառույցները, որոնք պետական գանձարանի լուրջ մաս էին կազմում, անիմաստ էին, քանի որ նրանց նպատակը քրիստոնեական բարոյագիտության տարածումն էր։ Փոխարենը նրանց պատճառով տարածվում էր ծուլությունը, կուսանոցների պատճառով կրճատվում էր բնակչության աճը[24]։
Պապը սկսում է կրճատել Տրդատ Գ-ի ժամանակ եկեղեցիներին շնորհված ահռելի հողերը և տալ զինվորականներին։ Այդ պատճառով հակասություններ են սկսվում Պապի և Ներսես Մեծի միջև։
372 թվականին մահանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես ՄԵծը։
Եկեղեցականությունը սկսում է քարկոծել Պապ թագավորին, կարծելով, որ նա է թունավորել Ներսես Մեծին։ Մի շարք բացասական առասպելներ է ձուլվում Պապի անվան շուրջ, որ տարածվում է նաև Հայքի սահմաններից դուրս[25]։
Ներսես Մեծի մահից հետո Պապը սկսում է փակել աղքատանոցները, կուսանոցները, որոնցում գտնվող կանանց պարտադրում է ամուսնանալ, իսկ տղամարդկանց՝ ծառայության անցնել զորքում։ Նա վերացնում է նաև տասանորդի և պտղի հարկերը, որոնք ռամիկներից տրվում էին եկեղեցուն։ Զուգահեռ կրճատվում են նաև հոգևորականների թիվը։ Ներսես Մեծին հաջորդում է Շահակ Ա Մանազկերտցին, որը Պապի հրամանով այլևս չի մեկնում Կեսարիա և հայրենի հողում եպիսկոպոսների կողմից ձեռնադրվում է Հայքի կաթողիկոս։ Նրան հաջորդող կաթողիկոսներն այդուհետ ձեռնադրվում են Հայաստանում։
Շահակի կաթողիկոս նշանակվելը նույնպես վատ է ընդունվում հոգևորականության կողմից, քանի որ դրանով վերջ էր տրվում Լուսավորչի տոհմին և կաթողիկոսական աթոռն անցնում է հին քրմական Աղբիանոսի տոհմին։
Սպանդարատ Կամսարականին է վերադարձվում հայրենի Շիրակ և Արշարունիք գավառները, որոնք նրանցից խլվել էին նախորդ Արշակունիների ժամանակաշրջանում։
Պապը հստակ արձանագրում է, որ Հռոմից անկախ քաղաքականություն է վարելու, այդ պատճառով իր դեմ է տրամադրում Վաղես կայսրին[26]։
Տարածքային բարեփոխում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշակ Բ-ի գերեվարությունից հետո մի շարք հայկական իշխանություններ սկսեցին անջատողական քաղաքականություն վարել և ապստամբել։ Այդ պատճառով մի շարք տարածքներ առանձնացան։ Պապն իր առջև նպատակ էր դրել վերագրավել և միացնել իր պետությանը այն տարածքները, որոնք գրավված էին Տիգրան Մեծի և Արտաշես Բարեպաշտի ժամանակաշրջաններից՝ Ուտիքը, Գուգարքը, Կորճայքը, Աղձնիքը և այլ նահանգներ։ Նա հանձնարարում է այդ գերկարևոր առաջադրանքը Մուշեղ Մամիկոնյանին։ Դրա համար նախ հարկավոր էր վերակազմել հզոր բանակ։ Արհեստավարժ զորքի թիվը հասցվում է շուրջ 100 հազարի[27]։
Մուշեղն ամենայն պատասխանատվությամբ սկսում է հայկական նահանգների վերամիավորումը։ Կային նահանգներ, որոնք առանց արյունահեղության հանձնվեցին, իսկ չհանձնվողները ամենայն կատաղությամբ ջախջախվեցին Մուշեղի կողմից։ Ըստ Փավստոս Բուզանդի՝ նույնիսկ մի քանիսին նա խաչ է բարձրացրել։
Երբ նա մի անգամ պատերազմում է Շապուհի հետ և նրան փախուստի մատնում, պարսիկ կանանոցը գերի է մնում Մուշեղի մոտ։ Նա ամենայն հարգանքով է վարվում հարեմի հետ և նրանց հետ է ուղարկում Շապուհի մոտ։ Այս քայլը բարձր է գնահատվում շահի կողմից,ով իր գինու բաժակի վրա պատկերել է տալիս սպիտակ ձիու վրա նստած Մուշեղին և ամեն անգամ գինի խմելիս ի պատիվ Մուշեղի ասում էր՝ «Ճերմակաձին գինի խմե»։
Մուշեղ Մամիկոնյանը ազատագրում է նաև Ատրպատականի հայկական մասը[28]։
Ի վերջո ամբողջ Մեծ Հայքի նահանգները նորից միավորվում են, ինչպես եղել էր Տիգրան Մեծի և Արտաշես Բարեպաշտի ժամանակաշրջանում։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի նոր հայրապետի նշանակման շուրջ առաջացած հակասություններից, Պապի հարաբերությունները Վաղեսի հետ հետագայում վատթարացան հռոմեական հրամանատար Տերենտիոսի պատճառով, որը կայսրին գրած նամակներում քննադատել է Պապին և խորհուրդ է տվել գահընկեց անել նրան՝ կանխելու համար նրա հնարավոր անցումը Պարսկաստանի կողմը[29]։ Ըստ Փավստոսի՝ Պապը նաև պահանջել է իրեն հանձնել Կեսարիան և հռոմեական տասներկու այլ քաղաքներ, այդ թվում՝ Եդեսիան՝ որպես Արշակունիների նախկին տիրույթներ: Միևնույն ժամանակ նա բացահայտորեն սիրաշահել է Պարսկաստանին՝ հակառակ սպարապետ Մուշեղի և այլ նախարարների զգուշացումներին՝ չխզել դաշինքը Հռոմի հետ։ Ամմիանոսը, ընդհակառակը, պնդում է, որ Պապը լիովին հավատարիմ է եղել Հռոմին[29]։ Վաղեսը որոշել է մահապատժի ենթարկել Պապին և 373 կամ 374 թվականին նրան հրավիրել է հանդիպման Տարսոն[30][31]։ Պապը ժամանել է 300 հեծյալ[32] ուղեկիցներով, սակայն շուտով անհանգստացել է կայսեր բացակայությունից (որը դեռ Անտիոքում էր) և վերադարձել հետ՝ դեպի Հայաստան՝ ճանապարհին հետ մղելով իրեն հետապնդող լեգեոնին[33][34]։
Տերենտիոսը Պապի հետևից ուղարկել է տեղանքին ծանոթ երկու զորավարների՝ վահանակիր հեծելազորի ուղեկցությամբ, նրանցից մեկը հայ էր՝ Դանիելուս անունով, մյուսը՝ իբերացի՝ Բարզիմերես անունով: Նրանց չի հաջողվել գերի վերցնել Պապին[35]։ Զորավարներն արդարացել են, թե իբր Պապն օգտագործել է կախարդական ուժեր և մութ ամպով քողարկել իր խմբին, ինչը հիշեցնում է Փավստոսի այն պնդումը, թե Պապը դիվահար էր[30]։ Սա կարող էր լինել պարզապես հարձակում Պապի հեղինակության վրա՝ հիմնված արիոսականների և հեթանոսների հանդեպ նրա համակրանքի վրա: Ամմիանոսը գրում է, որ հպատակները ցնծությամբ դիմավորեցին իրենց արքայի վերադարձը, և նույնիսկ սպանության այս փորձից հետո Պապը դուրս չեկավ Հռոմեական կայսրության դեմ[29]։ Այնուհետև Վաղեսը հրամայել է Տրայանոսի շահել Պապի վստահությունը և սպանել նրան[30]։ 374 կամ 375 թվականին մի բարբարոս պահապան սպանել է Պապին խնջույքի ժամանակ, որը Տրայանոսը կազմակերպել էր երիտասարդ արքայի պատվին[36][31]։ Ամմիանոսը Վաղեսի հրամանով Պապի սպանությունը նկարագրում է որպես անարդարացի և դավաճանական արարք[29]։
Պապին հավատարիմ մնացած նախարարները գրեթե չբողոքեցին արքայի սպանության դեմ՝ հայկական տարածքում հռոմեական մեծաքանակ բանակի ներկայության պատճառով[36]։ Հռոմի կողմից առաջադրված նոր թեկնածուն՝ Պապի զարմիկ Վարազդատը, ընդունվեց գրեթե բոլորի կողմից[36]։ Վարազդատը մեծացել էր Հռոմում և սկսեց կառավարել Մուշեղ Մամիկոնյանի խնամակալության ներքո[36]։ Շապուհ Բ-ը երկար ժամանակ փորձել է սիրաշահել Պապին, և վերջինիս սպանությունն ու հռոմեացի դրածոյով փոխարինումը պարսկական զայրույթ առաջացրին, սակայն Շապուհը չներխուժեց և սահմանափակվեց միայն դիվանագիտական քայլերով[37]։
Ամուսնություն և ժառանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պապն ամուսնացել է հայ ազնվականուհի Զարմանդուխտի հետ, որը նրան պարգևել է երկու որդի՝ Արշակ Գ-ն (Արշակ) և Վաղաշ Գ-ն[38]։ Պապի որդիները հետագայում դարձել են Հայաստանի գահակիցներ՝ սպարապետ Մանվել Մամիկոնյանի կողմից, այն բանից հետո, երբ նա ստիպեց Պապի հաջորդին՝ Վարազդատին, լքել երկիրը[31]։ Բացի այդ, որոշ գիտնականներ կարծում են, որ Վարազդատը եղել է Պապի ապօրինի զավակը[39][40]։
Պատմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգերորդ դարի հայ պատմիչները թշնամաբար են տրամադրված Պապի նկատմամբ և նրան վերագրում են մի շարք մեղքեր, որոնցից գլխավորը Ներսես Ա-ի սպանությունն է[9]։ Փավստոս Բյուզանդը, հիմնվելով վիպական աղբյուրների վրա,[41] Պապին պատկերում է որպես բացարձակ չարիք և ի ծնե դևերով, ինչը նրան դրդել է կատարել այնպիսի մեղքեր, ինչպիսիք են սոդոմիան և անասնապղծությունը[42][43][44]։ Պապի հանդեպ այս վերաբերմունքը բացատրվել է թագավորի և Հայ եկեղեցու միջև առկա խնդրահարույց հարաբերություններով, որոնք առաջացել են նրա կողմից արիոսականության խրախուսման և եկեղեցու ուժն ու ազդեցությունը սահմանափակելու ջանքերի պատճառով[9][31]։ Հռոմեացի պատմիչ Ամմիանուս Մարկելինուսը, որը, ի տարբերություն դասական հայ պատմիչների, Պապի ժամանակակիցն էր, երիտասարդ թագավորի մասին ավելի դրական պատկեր է ներկայացնում, նա գովաբանում է նրան քաջության ու խելացիության համար և նկարագրում է, որ իր դեմ ուղղված առաջին մահափորձից փախչելուց հետո նա «մեծագույն խնդությամբ ընդունվեց իր հպատակների կողմից»[31][30][45]։ Ավելի ուշ շրջանի հայ պատմաբանները վերագնահատել են Պապին դրական լույսի ներքո՝ նրան համարելով եկեղեցամետ պատմիչների անարդար զոհ և արժևորելով հայկական միապետությունն ամրապնդելու ու դժվարին պայմաններում անկախ արտաքին քաղաքականություն վարելու նրա փորձերը[2][46]։ Փավստոսի կողմից Պապին վերագրվող մի շարք «չարագործություններ» վերամեկնաբանվեցին որպես թագավորի ջանքեր՝ ուղղված պատերազմից տուժած Հայոց թագավորության կայունացմանը և վերաբնակեցմանը[47]։ Որոշ այլ ժամանակակից պատմաբաններ Պապին ավելի քիչ դրական են գնահատել[48][49]։ Նոել Լենսկու տեսանկյունից՝ Պապը հավանաբար դժվարանում էր կառավարել մի թագավորություն, որը դեռևս ուշքի էր գալիս Շապուհ Բ-ի պատճառած ավերածություններից, ինչը նրան դրդեց կայացնել սխալ որոշումներ, որոնք էլ ի վերջո հանգեցրին նրա անկմանը[49]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Փավստոս, Բուզանդ. Հայոց պատմություն. Երևան.
- 1 2 3 Սարգսյան, 1983
- 1 2 3 Մանանդյան, 1957, էջ 202
- 1 2 3 4 Stepanyan, 2021, էջեր 175–177
- ↑ Գարոսյան, 2013, էջ 61
- ↑ Գարոսյան, 2013, էջեր 67–68
- ↑ Bedrosian, 1983, note 220
- ↑ Գարոսյան, 1989, էջեր 423–424
- 1 2 3 4 Գարոսյան, 1989, էջեր 397–398
- ↑ Achaṛyan, 1948
- ↑ «Հայ ռազմական արվեստի պատմությու». armenianhouse.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Հայ ժողովրդի պատմություն, Ժամկոչյան, Երևան, 1975
- ↑ Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 471.
- ↑ Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 472.
- ↑ Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 473.
- ↑ Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 474.
- ↑ Գարոսյան, 1989, էջ 352–353
- 1 2 3 Լենսկի, 2002, էջ 170
- 1 2 3 Լենսկի, 2002, էջ 171
- 1 2 Greatrex, 2000, էջ 37
- ↑ Լենսկի, 2002, էջ 172
- ↑ Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 476.
- 1 2 3 4 Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 477.
- ↑ Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 479.
- ↑ Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 482.
- ↑ Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 483.
- ↑ Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 478.
- ↑ Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 480.
- 1 2 3 4 Դրայվերս, 2016, էջ 587
- 1 2 3 4 Լենսկի, 2002, էջ 180
- 1 2 3 4 5 Գարոսյան, 1997, էջ 91
- ↑ Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 486.
- ↑ Լենսկի, 2002, էջ 179
- ↑ Ammianus Ամիանոս Մարկելինոս, 2004, էջեր 387-388
- ↑ Լենսկի, 2002, էջ 175
- 1 2 3 4 Լենսկի, 2002, էջ 181
- ↑ Դրայվերս, 2016, էջ 582
- ↑ Փավստոս Բյուզանդ, 1985, 5.37
- ↑ Մալխասյանց, 1968, էջ 51
- ↑ Bedrosian, 1983
- ↑ Մալխասյանց, 1968, էջ 50
- ↑ Փավստոս Բյուզանդ, 1985
- ↑ Գարոսյան, 1989
- ↑ Դրայվերս, 2016
- ↑ Մանանդյան, 1957, էջ 210
- ↑ Լեո, 1966, էջեր 481–483
- ↑ Մանանդյան, 1957, p. 211: «Փավստոսը խստորեն քննադատում է Պապի մի քանի այլ գործեր, որոնք, թվում է, պետական միջոցառումներ էին իր ամայացած և անհանգիստ երկրի խաղաղեցման ու վերաբնակեցման համար: Փակելով կուսանոցները, ինչպես կարող ենք եզրակացնել Փավստոսի վկայություններից, Պապը հրամայել էր կույսերին ամուսնանալ, թույլատրել էր ամուսնալուծությունը... և նրա ամենամեծ հանցանքն այն էր, որ նա հանդուրժող էր հեթանոս հայերի նկատմամբ»
- ↑ Դրայվերս, 2016, էջ 588
- 1 2 Լենսկի, 2002, էջ 177
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնաղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամիանոս Մարկելինոս (2004). The Later Roman Empire (A.D. 354–378). Translated by Hamilton, Walter. Harmondsworth, Middlesex, England: Penguin Books. ISBN 0-14-044406-8.
- Մովսես Խորենացի (1913). Աբեղյան, Մ.; Հարությունյան, Ս.; Մալխասյանց, Ստ. (eds.). Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց. Թիֆլիս.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - Փավստոս Բյուզանդ (1985). Հայոց պատմություն. Translated by Bedrosian, Robert. New York.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աճառյան, Հրաչյա (1948). Հայոց անձնանունների բառարան. Vol. IV. Երևան: Պետական համալսարանի հրատարակչություն. էջեր 222–224.
- Բեդրոսյան, Ռոբերտ (1983). «Սպարապետությունը Հայաստանում չորրորդ և հինգերորդ դարերում» (PDF). Armenian Review. 36 (2): 6–46.
- Շոմոն, M. L. (1985). «Albania». In Yarshater, Ehsan (ed.). Encyclopædia Iranica. Vol. I/8: Alafrank–Alp Arslan. London and New York: Routledge & Kegan Paul. էջեր 806–810. ISBN 978-0-71009-097-3.
- Դրայվերս, Յան Վիլեմ (2016). «Ammianus Ամիանոս Մարկելինոս, King Pap and the Dominance over Armenia». Diwan: Studies in the History and Culture of the Ancient Near East and the Eastern Mediterranean. Vol. 68. Duisburg: Wellem. էջեր 571–590. ISBN 978-3-941820-24-1.
- Գարսոյան, Նինա (1997). «Արշակունիների դինաստիան». In Հովհաննիսյան, Ռիչարդ (ed.). Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը. Vol. 1. New York: St. Martin's Press. ISBN 0-312-10169-4.
- Գարսոյան, Նինա Գ. (1989). Փավստոս Բյուզանդին վերագրվող էպիկական պատմությունները. Cambridge, Massachusetts: Harvard University Press. ISBN 0-674-25865-7.
- Գարսոյան, Նինա (2013). «Հայոց թագավոր Արշակ Բ-ի խնդրահարույց ամուսնությունները». Studia Iranica. 42 (1): 57–70.
- Գրեյթրեքս, Ջեֆրի (2000). «387 թվականի Հայաստանի բաժանման նախապատմությունը և հետևանքները». The Ancient History Bulletin. 14: 35–48. ISSN 0835-3638.
- Հաճիկյան, Ագոպ Ջեկ; Բասմաջյան, Գաբրիել; Ֆրանչուկ, Էդվարդ Ս.; Ուզունյան, Նուրհան (2005). Հայ գրականության ժառանգությունը. տասնութերորդ դարից մինչև մեր օրերը. Detroit, Michigan: Wayne State University Press. ISBN 0-8143-3221-8.
- Լենսկի, Նոել (2002). Կայսրության անկումը. Վաղեսը և հռոմեական պետությունը IV դարում. University of California Press. ISBN 978-0-520-28389-3.
- Լեո (1966). Հայոց պատմություն, ա. հատոր (PDF). Երկերի ժողովածու. Vol. I. Երևան: "Հայաստան" հրատարակչություն.
- Մալխասյանց, Ստեփան (1968). Փավստոս Բյուզանդ, Պատմություն Հայոց. Երևան: "Հայաստան" հրատարակչություն.
- Մանանդյան, Հակոբ (1957). Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. Բ, մասն Ա. Երևան: Հայպետհրատ.
- Մուրադյան, Եղիազար (1900). Քննական պատմութիւն Արշակ Երկրորդի եւ անոր Պապ որդւոյն. Ալեքսանդրիա: Հայ. Տպ. "Արաքս".
- Օրմանյան, Մաղաքիա (1959). Ազգապատում (PDF). Vol. I. Բեյրութ: Տպ. Սևան.
- Սարգսյան, Գ. (1983). «Պապ». In Համբարձումյան, Վիկտոր (ed.). Հայկական սովետական հանրագիտարան. Vol. 9. Երևան. էջեր 128–129.
{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - Ստեփանյան, Ալբերտ (2021). Khorenica: Studies in Movses Khorenatsi (PDF). Երևան: ԵՊՀ հրատարակչություն. ISBN 978-5-8084-2514-9.
- Տերյան, Աբրահամ (2005). Patriotism and Piety in Armenian Christianity: The Early Panegyrics On Saint Gregory. St Vladimir's Seminary Press. ISBN 978-0-88141-293-2.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր II, Երևան, 1984 թ., էջ 102-106։
- Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958 թ.։
- Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեան, Ազգապատում, հ. Ա, Երևան, 2001 թ.։
- Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, Ստ. Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությունը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, Երևան, 1947 թ.։
- Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, Սովետական գրող հրատարակչություն, Երևան, 1977 թ.։
- Եղիազար Մուրադեան, Քննական Պատմութիւն Արշակ Երկրորդի և անոր Պապ որդւոյն, Աղեքսանդրիա, Արաքս տպարան, 1900 թ.։
- Ստեփան Զորյան, Պապ թագավոր, ակադեմիկոս Սուրեն Երեմյանի պատմական ակնարկ-հոդվածով, Երևան, 1944 թ.։
- Գևորգ Հովհաննիսյան, Հայոց Տերերը, Երևան, 2012 թ.։
- Հակոբ Մանանդյան, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հատոր Բ, մասն Ա, Հայպետհրատ, Երևան, 1957 թ․, էջ 189-221։
- Մանանդյան, Հակոբ (1957). Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հատոր Բ, մասն Ա. Երևան: Հայպետհրատ. էջեր 189–222.։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գնդապետ Սարգիս Սարգսյան, Հայ ռազմական արվեստի պատմությունից, գլուխ 8, պար. 2, պար. 3, էջ 165-174, Երևան, 1969
- Եղիազար Մուրադեան, Քննական Պատմութիւն Արշակ Երկրորդի և անոր Պապ որդւոյն, Աղեքսանդրիա, Արաքս տպարան, 1900թ.:
- Ստ. Զորյան, Պապ թագավոր, պատմավեպ, ակադեմիկոս Ս.Երեմյանի պատմական ակնարկ-հոդվածով
| ||||||||||||||||||||||||||||||
Պապ թագավոր Արշակունյաց հարստություն Ծնվել է՝ 353 Մահացել է՝ 374 | ||
| Նախորդող՝ Արշակ Բ 350-368 |
Պապ 370-374 |
Հաջորդող: Վարազդատ 374/375–378 |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 128)։ |


