Կաահարի, բնական իջվածք Հարավային Աֆրիկայի կենտրոնական մասում։ Երկարությունը մոտ 2000 կմ է, լայնությունը՝ ավելի քան 1200 կմ, միջին բարձրությունը՝ 900-1000 մ, տարածությունը՝ մոտ 630 հազար կմ2։
Մինչքեմբրյան հիմքի վրա տարածվում են վերին կավճի և կայնոզոյան նստվածքային ապարները։ Մակերևույթը ծածկված է ավազով, հյուսիսում ՝ ամրացած թփուտներով ու խոտերով, կենտրոնում և հարավարևմուտքում անապատացված սավաննաներ են՝ նոսր խոտաթփուտային բուսականությամբ։ Կլիման արևադարձային է, հյուսիսում ՝ մերձհասարակածային, տարեկան տեղումները՝ 1000 մմ֊ից (հյուսիսում) մինչև 150 մմ (հարավում)։
Կլիման արիդային է տեղումների ամառային մաքսիմումով և մեղմ ձմեռով, ընդ որում արիդությունն ավելանում է դեպի հարավ-արևելք։ Տեղումները հիմնականում լինում են նոյեմբեր-ապրիլ ամիսներին, սակայն դրանց մեծությունը տատանվում է ինչպես ժամանակի առումով, այդպես էլ տարածքի։ Կալահարի անապատը Հարավային Աֆրիկայի ամենաշոգ շրջաններից է։ Միջին առավելագույն ջերմաստիճանը հասնում է +29°, իսկ միջին նվազագույնը՝ +12°, գոլորշունակությունը 3 հազար մմ է։
Կենդանական աշխարհը պատկանում է Եթովպական մարզի Հարավաֆրիկյան ենթամարզին։
Կալահարիի «մայրաքաղաք» ոչ պաշտոնապես համարում են Բոթսվանայի արևմուտքում գտնվող Գանզի քաղաքը։