Պոդզոլային հողեր
Պոդզոլային հողեր, թթու հողերի տիպ։ Զարգանում են պոդզոլագոյացման պրոցեսի ընթացքում։ Հիմնականում ձևավորվում են բարեխառն գոտու անտառային շրջաններում, տայգայի ասեղնատերև, սաղարթավոր և խառն անտառներում։ ԽՍՀՄ-ում՝ եվրոպական մասի անտառատափաստանային գոտուց հյուսիս ընկած տարածությունում և Սիբիրի, Յակուտիայի, Հեռավոր Արևելքի շրջաններում։ Պոդզոլագոյացման պրոցեսը ցայտուն է արտահայտված անտառային խիտ բուսածածկի տակ, որտեղ ամեն տարի առաջացած անտառային փռվածքը սնկերի ազդեցությամբ թթու միջավայրում և աերոբ պայմաններում արագ քայքայվում է ու անջատվում է կրենաթթու (օրգանական թթու)։ Սրա մի մասը, միանալով քայքայվող նյութերի հետ, առաջացնում է աղեր, որոնք, լուծվելով ջրում,տարվում են հողի ստորին, իսկ մնացած մասը՝ ներհոսանքի շնորհիվ բարձրանում է վերին շերտերը։ Կրենաթթուն կալցիումի կարբոնատը վերածում է դյուրալույծ կալցիումի կրենատի, որը թափանցում է հողի խորքերը։ Կրենաթթուն քայքայում է կաոլինիտը, անջատում ազատ Si02, որը, մնալով տեղում, վերին շերտերին տալիս է փոշիանման մոխրի՝ պոդզոլի բնույթ։ Ազոտը, օրգանական նյութերը, ինչպես նաև ֆոսֆորական թթուն լվացվում են, տարվում ստորին շերտերը։ Առաջանում է Պոդզոլային հողեր հին հատուկ մոխրագույն, ստրուկտուրայից զուրկ (փոշիացած), օրգանական նյութերով աղքատ, հիմնականում սիլիկատներից ու քվարցի հատիկներից կազմված հորիզոնը։ Որոշ խորության վրա կրենաթթուն, վերածվելով աղերի, չեզոքանում է։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 346)։ |