Հանրային անվտանգության և կարգուկանոնի վարչություն (ռուս.՝ Отделение по охранению общественной безопасности и порядка) հայտնի նաև՝ Պահնորդական բաժանմունք, Օխրանկա (ռուս.՝ Отделение по охранению общественной безопасности и порядка, ռուս.՝ Охранное отделение, Охранка), անվանումներով, քաղաքական հետախուզության տեղական մարմին ցարական Ռուսաստանում, որը ենթարկվում էր Ոստիկանության դեպարտամենտին։
Առաջին Պահնորդական բաժանմունքները ստեղծվել են Սանկտ Պետերբուրգում (1866), Մոսկվայում և Վարշավայում (1880)․ առ 1914 թվականը գոյություն է ունեցել 26 բաժանմունք (արտադրական և մշակութային կենտրոններում)։
Պահնորդական բաժանմունքի հիմնական խնդիրն էր հեղափոխական կազմակերպություններ և առանձին հեղափոխականներ հայտնաբերելը։ Բաժանմունքներն ունեին արտաքին հետախուզության գործակալներ (ֆիլյորներ) և գաղտնի գործակալներ, որոնք գործում էին քաղաքական կուսակցություններում։ Պահնորդական բաժանմունք վերացել է 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 99)։