close
Jump to content

Էնն Բրոնտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնն Բրոնտե
Anne Brontë
Image
Ծնվել էհունվարի 17, 1820(1820-01-17)[1][2][3][…]
ԾննդավայրՏորնտոն, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4]
Վախճանվել էմայիսի 28, 1849(1849-05-28)[1][2][3][…] (29 տարեկան)
Վախճանի վայրՍկարբորո, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանՍկարբորո[2]
Գրական անունActon Bell[4][5]
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, տնային դաստիարակ և գրող
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունImage Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ստեղծագործական շրջան1836-1849
Ուշագրավ աշխատանքներԱնծանոթուհին Ուայլդֆել Հոլից և Ագնես Գրեյ[4]
Изображение автографа
Image Anne Brontë Վիքիպահեստում

Էնն (Աննա) Բրոնտե (անգլ.՝ Anne Brontë, հունվարի 17, 1820(1820-01-17)[1][2][3][…], Տորնտոն, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4] - մայիսի 28, 1849(1849-05-28)[1][2][3][…], Սկարբորո, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն)` անգլիացի գրող և պոետ, Բրոնտե քույրերից կրտսերը։ «Ագնես Գրեյ», «Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլլից» և մի շարք բանաստեղծությունների հեղինակ է։

Էնն Բրոնտեն իռլանդական ծագմամբ աղքատ հոգևորական Պատրիկ Բրոնտեի և նրա կնոջ՝ Մարի Բրենուելի կրտսեր դուստրն է։ Մայրը մահացել է, երբ Էննը երկու տարեկան չկար։ Կյանքի մեծ մասը Էննը անց է կացրել Հաուորտ գյուղում (Արևմտյան Յորքշիր)։ Երկու տարի սովորելով Ռոու Հեդ դպրոցում՝ նա սկսում է աշխատել դաստիարակչուհի՝ դառնալով քույրերից միակը, ով հաջողության է հասնում այդ գործում. չնայած առաջին անհաջողությանը Ինգեմ ընտանիքում՝ հետագայում նա հինգ տարի սովորեցրել և դաստիարակել է Ռոբինսոնների երեխաներին։ Դրանից հետո կրտսեր Բրոնտեն, ինչպես նրա քույրերը, սկսում է գրական գործունեություն։ 1846 թվականին լույս է տեսնում Շարլոտայի, Էմիլիիի և Էննի բանաստեղծությունների համատեղ ժողովածուն, ահաջրդ տարում՝ Էննի Ագնես Գրեյ վեպը, որը հիմնված էր նրա՝ դաստիարակչուհու փորձի վրա։ Հաջողությունն այցելում է գրողին երկրորդ՝ Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլլից վեպից հետո։ 1848 թվականին հրատարակված գիրքը քննադատում էր կնոջ դիրքը ընտանիքում՝ մարտահրավեր նետելով վիկտորինյան Անգլիայի կառույցին։ Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլլից համարվում է առաջին ֆեմինիստական վեպերից մեկը։ Գրքի հրատարակումից չանցած մեկ տարի՝ 29-ամյա Էնն Բրոնտեն մահանում է տուբերկուլյոզից։

Համեմատած ավագ քույրերի հանրաճանաչությանը՝ 4 վեպերի հեղինակ (այդ թվում՝ Ջեյն Էյր) Շարլոտային և Մոլեգին հողմերի դարավանդի հեղինակ Էմիլիին, Էնն Բրոնտեի գրական փառքը մեծ չէ։ Դրա հիմնական պատճառը համարվում է այն, որ կրտսեր քրոջ մահից հետո Շարլոտան արգելում է Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլլից վեպի հետագա հրատարակությունը, որը լայն արձագանք էր գտել հասարակության մեջ։ Էննի երկու գրքերն էլ, որոնց հատուկ է ռեալիզմն ու երգիծանքը, արմատապես տարբերվում են նրա քույրերի ռոմանտիկական ստեղծագործություններից, սակայն այնպես, ինչպես Էմիլիիի և Շարլոտայի գրքերը, դարձել են անգլիական գրականության դասականներից։

Վաղ տարիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էննի հայրը՝ Պատրիկ Բրոնտեն (1777-1861 թթ.) ծնվել է Էմդեյլում՝ Դաուն կոմսությունում (Իռլանդիա)[6][7] գտնվող Լոխբրիկլենդ գյուղից ոչ հեռու՝ երկու սենյակից բաղկացած քոթեջում։ Նա աղքատ իռլանդական ֆերմերներ Հյու Բրանտի և Էլյանոր Մակ-Կլորի տասը երեխաներից ավագն էր։ Իռլանդական Մակ-Էյ Օ'Պրենտի (իռլանդերեն՝ Mac Aedh Ó Proinntigh) ազգանունը անգլիականացվել է՝ Պրանտի (անգլ.՝ Prunty) կամ Բրանտի (անգլ.՝ Brunty)[6]։ Չցանկանալով համակերպվել աղքատության հետ՝ Պատրիկը սովորել է գրել և կարդալ, իսկ 1798 թվականից սկսել է սովորեցնել ուրիշներին։ 1802 թվականին՝ 26 տարեկանում նա տեղ է ստանում Սբ. Հովհանի քեմբրիջյան քոլեջի աստվածաբանության ամբիոնում և իր ազգանունն ավելի բարեհնչյուն է դարձնում՝ Բրնտե (անգլ.՝ Brontë)։ 1807 թվականին Պատրիկ Բրոնտեն ձեռնադրվում է անգլիական եկեղեցու քահանա[8]։ Մի քանի տարի անց նա հրատարակում է իր առաջին բանաստեղծությունները, այդ թվում՝ «Ձմռան երեկոյի մտորումներ» (անգլ.՝ Winter Evening Thoughts, 1810, տեղական թերթում)[9], ինչպես նաև՝ «Գյուղական բանաստեղծություններ» ժողովածուն (անգլ.՝ Cottage Poems, 1811)[10]։ 1811 թվականին Բրոնտեն դառնում է Հարտսհեդի Սբ. Պետրոս եկեղեցու ծխական քահանան (Արևմտյան Յորքշիր)[11], իսկ հաջորդ տարի Աստվածաշնչյան գիտելիքների փորձագետ է նշանակվում մեթոդական ակադեմիայի «Վուդհաուս Գրուվ» դպրոցում։ Այստեղ երեսունհինգ տարեկանում հանդիպում է իր ապագա կնոջը՝ դպրոցի տնօրենի զարմուհի Մարի Բրենուելին։

Մարի Բրաունելը (1783-1821 թթ.) ծնվել է Թոմաս Բրենուելի, ով նպարեղենի ու թեյի հաջողակ վաճառական էր Պենզանսից, և Էնն Կրեյնի՝ ոսկերչի դստեր ընտանիքում[12]։ Նա տասնմեկ երեխաներից ութերորդն էր, մեծացել էր անհոգ և բարեկեցիկ։ Այն բանից հետո, երբ մեկ տարվա տարբերությամբ մահանում են նրա ծնողները, մեկնում է «Վուդհաուս Գրուվ» դպրոց՝ մորաքրոջն օգնելու։ Նա Պատրիկ Բրանտեին հանդիպում է երեսուն տարեկանում։ Նա փոքրիկ, կոկիկ, կիրթ, ինտելեկտուալ լեդի էր[13] և հավատարիմ էր մեթոդաբանությանը, ինչը անմիջապես գրավում է երիտասարդի ուշադրությունը[14]։

Սոցիալական անհավասարությունը չի խանգարում Մարիին և Պատրիկին ընտանիք ստեղծել. 1812 թվականի դեկտեմբերի 29-ին նրանք ամուսնանում են[15]։ Նրանց առաջին երեխան՝ Մարին (1814-1825 թթ.) ծնվում է երիտասարդ ընտանիքի Հարտսհեդ տեղափոխվելուց հետո։ 1815 թվականին՝ երկրորդ դստեր՝ Էլիզաբեթի (1815-1825 թթ.)[16] ծննդից քիչ անց Պատրիկը նշանակվում է Բրեդֆորդից ոչ հեռու գտնվող Տորնտոն գյուղի եկեղեցու տեղապահ։ Տորնտոնում ծնվում են մյուս երեխաները՝ Շարլոտան (1816-1855 թթ.), Պատրիկ Բրենուելը (1817-1848 թթ.), Էմիլի Ջեյնը (1818-1848 թթ.) և Էննը (1820-1849 թթ.)[17]։

Մանկությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էննը՝ Բրոնտեների վեց երեխաներից կրտսերը, ծնվել է 1820 թվականի հունվարի 17-ին Տորնտոնում՝ Մարկետ-սթրիթի 74 տանը[18], որտեղ նրա հայրը համայնք ուներ։ Մարտի 25-ին մկրտվում է, ինչից հետո Պատրիկ Բրոնտեն մշտական համայնք է ստանւմ Հայորտում, և 1820 թվականի ապրիլին ընտանիքը տեղափոխվում է նոր բնակության վայր։ Հինգ սենյակից բաղկացած պաստյորատը դառնում է այն տունը, ուր մինչ կյանքի ավարտն ապրում է նրանցից յուրաքանչյուրը։

Էննը հազիվ մի տարեկան էր, երբ մոր առողջությունը զգալիորեն վատանում է։ 1821 թվականի սեպտեմբերի 15-ին Մարի Բրենուելը մահանում է արգանդի քաղցկեղից[19][20]։ Չցանկանալով, որ երեխաները մեծանան առանց կանացի խնամքի՝ Պատրիկ Բրոնտեն փորձում է նոր կին գտնել, բայց անհաջող[21]։ Հաուորտում բնակություն է հաստատում Էլիզաբեթ Բրենուելը (1776-1842 թթ.), ով նախապես եկել էր այստեղ մահացող քրոջը հոգ տանելու համար, այնուհետև, առաջնորդվելով պարտքի զգացումով, ընդմիշտ նվիրում է իրեն նրա երեխաների դաստիարակությանը։ Էլիզաբեթը խիստ կին էր, ով իր զարմիկներից հարգանք էր սպասում և ոչ թե սեր[22]։ Նրա և ավագ երեխաների մեջ ոչ մի կապվածություն չկար, սակայն կրտսերը նրա սիրելին էր։ Էննը քնում էր նրա սենյակում, ինչի արդյունքում նրանք շատ են մտերմանում։ Հնարավոր է դա ազդեցություն է թողնում աղջկա բնավորության և կրոնական հայացքների վրա[23]։

Ըստ Շարլոտայի կենսագրության, որը գրել է նրա ընկերուհի Էլիզաբեթ Հեսկելը, Պատրիկ Բրոնտեն հիշում է, որ կրտսեր դստեր ինտելեկտը զարգացել է շատ վաղ. մի անգամ հայրը հարցրել է, թե ինչ է նա ուզում ամենաշատը, վերջինս պատասխանել է. «Ապրած տարիներ և կենսափորձ»։ Այդ ժամանակ Էննը չորս տարեկան է եղել[24]։

1824 թվականի գարնանը Պատրիկը ավագ դուստրերին (Մարիին, Էլիզաբեթին, Շարլոտային և Էմիլիին) ուղարկում է Կրոֆտոն-Հոլի դպրոց (Կրոֆտոն, Արևմտյան Յորքշիր), իսկ ավելի ուշ՝ Clergy Daughters դպրոց (Կովան-Բրիջ, Լանկաշիր)[25]։ Երբ Մարին և Էլիզաբեթը մահանում են տուբերկուլյոզից (համապատասխանաբար մայիսի 6-ին և հունիսի 15-ին), Շարլոտան և Էմիլին անհապաղ վերադառնում են տուն[24]։ Ավագ երեխաների անսպասելի մահը այնպես է հուզում Բրոնտեին, որ այլևս չի ցանկանում մյուսներին հեռացնել իրենից։ Արդյունքում քույրերի ու եղբոր ուսուցումը հինգ տարի տեղի է ունենում տանը՝ հոր և մորաքրոջ հսկողությամբ[26]։ Երեխաների մոտ ցանկություն չի առաջանում շփվել հասակակիցների հետ. նրանք նախընտրում են միմյանց ընկերակցությունը։ Մանկական խաղահրապարակ է դառնում Հաուորտի շուրջ փռված տափաստանները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 5 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. CannadineOxford: OUP, 2004.
  3. 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
  4. 1 2 3 4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 139.
  5. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 1 2 Fraser, 1988, էջ 4
  7. Barker, 1996, էջ 2
  8. Barker, 1996, էջ 14
  9. Barker, 1996, էջ 41
  10. Barker, 1996, էջ 43
  11. Barker, 1996, էջ 36
  12. Fraser, 1988, էջեր 12—13
  13. Fraser, 1988, էջ 15
  14. Barker, 1996, էջ 48
  15. Fraser, 1988, էջ 16
  16. Fraser, 1988, էջ 2
  17. Barker, 1996, էջ 61
  18. Barker, 1996, էջ 86
  19. Barker, 1996, էջ 102
  20. Fraser, 1988, էջ 28
  21. Fraser, 1988, էջ 30
  22. Fraser, 1988, էջ 29
  23. Gérin, 1976, էջ 35
  24. 1 2 Fraser, 1988, էջ 31
  25. Fraser, 1988, էջ 35
  26. Fraser, 1988, էջեր 44—45

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էնն Բրոնթեն standardebooks.org֊ում
  • «Anne Brontë – The Scarborough Connection» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7–ին-ին.
  • «Ann Bronte Remembered in Scarborough» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7–ին-ին.
  • «Anne Bronte» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7–ին-ին.
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Բրոնտե» հոդվածին։