Աբբևիլյան մշակույթ, Շելյան մշակույթ, վաղ հին քարի դարի հնագիտական մշակույթ Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավ–Արևմտյան և Հարավային Ասիայում, նաև՝ Հայաստանում։ Հաջորդել է մինչշելյան (օլդովայան) մշակույթին։ Վերաբերում է նախնադարյան համայնական կարգի սկզբնական դարաշրջանին։ Ունի 800 հզ․–300 հզ․ տարվա վաղեմություն։ Շելյան մշակույթը առաջինը հայտնագործել է ֆրանսիացի հնագետ՝ Ժակ Բյուշե դը Պերտը (1846-ին)՝ Շել քաղաքի մոտ (Փարիզի մերձակայքում), պարբերացումը 1860-ական թթ․ հիմնավորել է Գ․ Մորտիլիեն։
Շելյան մշակույթին բնորոշ են ձեռքի պարզունակ գործիքները (խոշոր և կոպիտ), որոնք ծառայել են կտրելու, ծակելու, հարվածելու, փորելու համար։ Զուգահեռ գործածվել են նաև ջարդող (չոպպերներ) և հատող (չոպպինգներ) այլ գործիքներ։ Շելյան մշակույթի կրողները եղել են արխանթրոպոսները (պիթեկանթրոպոս, սինանթրոպոս ևն), որոնք ծանոթ էին կրակին, բնակվում էին բաց կայաններում ու անձավներում, զբաղվում որսորդությամբ ու հավաքչությամբ։ Հայաստանում առաջին անգամ Շելյան մշակույթի գործիքներ հայտնաբերվել են 1943–45-ին՝ Արտենի(Արտին) լեռանՍատանի դար կոչվող բլրի վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 478)։